National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
01.10.2009
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը «Նախաստորագրված արձանագրությունները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում


Հարգելի գործընկերներ,
տիկնայք եւ պարոնայք,

Ողջունում եմ ձեզ եւ հույս հայտնում, որ այս լսումների ընթացքում մանրամասն կքննարկենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը, ինչպես նաեւ ձեռք բերված պայմանավորվածություններն արտացոլող նախաստորագրված երկու արձանագրությունները:

 Այս լսումների նպատակը` պատգամավորներին, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին հնարավորություն ընձեռելն է մասնագիտական եւ քաղաքական տեսանկյունից քննարկել հարցը, ներկայացնել մոտեցումներ ու առաջարկներ:

Ազգային ժողովն այն բարձր ամբիոնն է, որից ժողովրդի տարբեր հատվածները ներկայացնող ու ժողովրդի անունից հանդես գալու բացառիկ իրավունքով օժտված պատգամավորները կարեւորագույն հարցերը բաց քննարկումներով կարող են ներկայացնել հասարակության ուշադրությանը:

Այս լսումներն առանձնահատուկ են, քանի որ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել մանրակրկիտ քննարկել կարեւոր միջազգային փաստաթղթերը` նախքան դրանց ստորագրումը: Շատ կարեւորում եմ այս հարցում բոլորիդ ակտիվությունը: Ազգային ժողովը պետք է ակտիվ դերակատարում ստանձնի հարցի հանրային քննարկումներում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում:
 
Արձանագրությունների ուսումնասիրումը լուրջ մասնագիտական վերլուծություն է պահանջում: Սակայն, դրանք ազդարարում են դրական սկիզբ` երկու հարեւանների միջեւ նորմալ հարաբերությունների հաստատում. սկզբունք, որն ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչը  պետությունների անվտանգ ու բնականոն զարգացման թիվ մեկ երաշխիքն է:

Նախաստորագրված արձանագրություններով Հայաստանը եւ Թուրքիան պատրաստակամությունն են հայտնել գտնելու ընդհանուր շահերի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունների իրականացման հիմնական ուղղությունները: Իսկ փաստաթղթերի հրապարակումը նպաստել է մեր հասարակության ու համայն հայության տեղեկացվածությանը, տարբեր մակարդակներով հանրային քննարկումների կազմակերպման հնարավորության ընձեռնմանը, միջազգային հանրության ներգրավմանը եւ բոլորիս պարտավորվածության մեծացմանը:
Արձանագրությունները գործադիրի կողմից վերջնական ստորագրումից հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի պահանջներին համաձայն, ենթակա են Ազգային ժողովի վավերացմանը: Դա եւս մեկ առիթ կհանդիսանա քննության առնելու հարցը:

Անկախությունից ի վեր հայ-թուրքական հարաբերությունները բարելավելու նպատակով տարբեր մակարդակներով բազմաթիվ բանակցություններ են վարվել: Այսօր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված շոշափելի առաջընթացը համարում եմ բեկումնային եւ պատմական նշանակություն ունեցող իրադարձություն, ինչը կարող է քաղաքական ու տնտեսական զգալի նշանակություն ունենալ երկու երկրների համար:

Անձամբ ողջունում եւ աջակցում եմ Հայաստանի Հանրապետության նախագահի  նախաձեռնող ակտիվ արտաքին քաղաքականությունը ինչպես տարածաշրջանային հակամարտությունները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, խաղաղ ճանապարհով լուծելու, այնպես էլ հայ-թուրքական  հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցերում:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկուստեք կարեւորություն ներկայացնող գործընթաց է, ինչը երկու շահագրգիռ պետությունների թե գործադիր եւ թե օրենսդիր մարմինների կողմից պահանջում է քաղաքական կամքի դրսեւորում:
Չեմ ասում, որ չկան խնդիրներ, բոլորս էլ ունենք մեր մտահոգությունները: Տեղյակ եմ հասարակության մի մասի մոտ տիրող դժգոհություններին ու մտահոգություններին, բայց պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր նախաձեռնության մեջ կա վտանգ, մասնավորապես պատմությունից քաղած դասերը մեզ հուշում են առավել զգոն լինել, հաշվի առնել, թե ում հետ ենք բանակցում, չմոռանալ թուրքական դիվանագիտության հնարքները եւ բանակցությունները վարել այնպես, որպեսզի հարաբերությունների կարգավորումը որեւէ առնչություն չունենա  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ հայոց ցեղասպանության ճանաչման հետ, որոնք սակարկելի չեն: Երկու օր առաջ Իրան կատարած իմ այցի շրջանակներում առիթ եմ ունեցել այս մտահոգությունները քննարկել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ կազմակերպված կարեւոր եւ արդյունավետ հանդիպման ընթացքում: Միգուցե արժեր նաեւ խնդրի շուրջ հանրային քննարկումները Սփյուռքում կազմակերպել ավելի վաղ: 

 Ցանկանում եմ ընդգծել եւ շեշտել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բնավ չի ենթադրում ազգային շահերի ստորադասում կամ հրաժարում համազգային կարեւորության հարցերից: Խոսքը նախեւառաջ վերաբերում է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Հայաստանի Հանրապետությունը անկախության պահից ի վեր սատար է կանգնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին, ինչը հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է: Դա ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բաղկացուցիչ մաս հանդիսացող 1990թ. օգոստոսի 23-ի «Հայաստանի անկախության հռչակագրով»: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունների շարքում:

Հայ-թուրքական հարաբերությունների հաստատմամբ, իմ կարծիքով, հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կթեւակոխի նոր փուլ: Հարաբերությունների պաշտոնական մակարդակի բարձրացումը հնարավորություն կընձեռի երկու երկրների միջեւ առկախված հարցերը կարգավորել պետական մակարդակով. քաղաքակիրթ ճանապարհով, երկխոսությամբ ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Չեմ բացառում, որ հարաբերությունների զարգացումը ապագայում հանգեցնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ներկայումս մի շարք թուրք մտավորականների կողմից ստորագրահավաքների կազմակերպումն արդեն իսկ վկայում է Թուրքիայի հասարակության մեջ հայոց ցեղասպանության ճանաչման հարցում մոտեցումների լուրջ փոփոխությունների մասին:

 Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ մեր հասարակության տարբեր շերտերի, քաղաքական կուսակցությունների, Սփյուռքի շրջանում տարակարծությունների, մտահոգությունների, տարբեր տեսակետների առկայությունը շատ բնական ու ողջունելի երեւույթ է: Սակայն դրանք չպետք է վերածվեն ազգը պառակտող անցանկալի գործընթացների:

Նոր պատմական իրողությունների պայմաններում ողջ հայությունը կրկին կանգնել է նոր մարտահրավերների առջեւ, որը պահանջում է համազգային ուժերի եւ կարողությունների համախմբում, առաջացած խնդիրները միասնաբար լուծելու, համազգային շահերին համահունչ գործելու հրամայական: Համազգային միասնությունը հայ ժողովրդի առաջընթացի գլխավոր երաշխիքն է: Համոզված եմ, որ հասարակության միասնության առկայության պայմաններում մենք ի զորու ենք լուծելու մեր բոլոր խնդիրները:

Ազգային համախմբմանը պետք է ծառայի այս բարձր ամբիոնը` նման պարբերական լսումների կազմակերպման ու համայն հայության մոտեցումները բարձրաձայնելու միջոցով:

Հույս ունեմ, որ այս լսումները կհանգեցնեն արդյունավետ եզրակացությունների, որոնք կնպաստեն այս հարցում հանրության առավել իրազեկմանը:

 Շնորհակալություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am